Երեւանի Բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, կկայանա նիստ, որի ժամանակ կընտրեն ֆեդերացիայի նախագահ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բռնցքամարտիկ Արթուր Գեւորգյանի թեկնածությունը առաջադրվելու է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի կողմից: NEWS.am-ի թղթակիցը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ զրուցել է Արթուր Գեւորգյանի հետ:

Ձեր ընտրության հավանակությունը ո՞նց եք գնահատում, պոտենցիալ մրցակիցների մասին տեղեկություն ունե՞ք, թե՞ ոչ:

Տեղեկություն չունեմ, ես բռնցքամարտում ճանաչված մարդ եմ, ինձ իմ մարզիչները, գործընկերները, հակառակորդները, ժամանակին ում հետ մրցել ենք, լավ են ճանաչում, եւ կարծում եմ իրենք էլ մտածել են, երբ դիմել են ինձ եւ գնահատել են այն մոտեցումները, որ ես կարող եմ տալ սպորտին: Հնարավոր է այլ առաջադրումներ եւս լինեն, ամեն ինչ դեռ առջեւում է, դա ընտրություն է, եւ շատ բաց, պարզ ընտրություն է:

Ֆեդերացիայի նախկին նախագահ Արման Մուրադյանի հետ հանդիպե՞լ եւ զրուցե՞լ եք:

Ոչ:

Ասում են, որ նրա փոփոխության պատճառը ոչ միայն «ԲԱՄՕ»-ի ֆինանսական խնդիրներն են, այլեւ հայ մարզիկների վատ մասնակցությունը բռնցքամարտի վերջին մրցումներին:

Ես կցանկանայի գնահատականներ չտալ, բայց քանի որ բռնցքամարտիկները, մասնագետները եկել եւ ինձ դիմել են, ուրեմն ինչ-որ խնդիր կա: Ես չգիտեմ իրականությանը համապատասխանում է, թե ոչ, բայց լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Արման Մուրադյանը շատ գումարներ է ծախսել բռնցքամարտի զարգացման համար, շատ ողջունելի է դա, բայց միայն գումար ծախսելով չի:

Հիմա ձեր օրոք միայն հաղթանակնե՞ր են ունենալու մեր բռնցքամարտիկները:

Տա Աստված, դա իմ եւ ձեր , մեր հայ ժողովրդի ցանկությունն է, որ մենք միայն հաղթանակներ ունենանք, բայց, ցավոք սրտի, այդպես չի լինում, սա սպորտ է եւ շատ-շատ աշխատել է պետք: Ես համոզված եմ, որ ինչ-որ դրական շարժ կլինի, մենք շատ աշխատելու տեղ ունենք, շատ գործ կա անելու, որովհետեւ իսկապես, այսօր Հայաստանի Բռնցքամարտի հավաքականը լավ վիճակում չի գտնվում:

Ինչո՞ւ համաձայնեցիք, որ ձեր թեկնածությունը առաջադրեն ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար:

Եթե մտահոգություններ ունես եւ սրտացավ ես հայկական սպորտի համար, առաջին հերթին բռնցքամարտի համար, պատճառը դա է: Բռնցքամարտիկները, իմ մարզիչները, իմ մարզիկ ընկերները եկան խնդրեցին, որ ես օգնեմ իրենց, որ մարզաձեւը վերականգնի իր երբեմնի ավանդույթները:

Այսինքն, առաջարկը ոչ թե Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից է եղել, այլ մարզիկների:

Ես վերջերս իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ոչ սպորտի նախարարությունը, ոչ Օլիմպիական կոմիտեն ֆեդերացիայի ընտրություններում ոչ մի գործառույթ չունեն, ֆեդերացիան անկախ մարմին է: Հետո ֆեդերացիան համագործակցում է եւ նախարարության, եւ օլիմպիական կոմիտեի հետ, ՀԱՕԿ-ի գործառույթը կազմակերպելն է ֆեդերացիաների հետ աշխատանքը, իսկ սպորտի նախարարությունը ֆինանսավորում է շատ ֆեդերացիաների, հենց պետական ֆինանսավորումը գալիս է սպորտի նախարարության միջոցով:

Հիմա առաջարկը Յուրի Վարդանյանի՞ կողմից է եղել, թե՞ ..., որովհետեւ ես տեղեկություններ ունեմ, որ դուք հանդիպում եք ունեցել նրա հետ:

Հանդիպում ունեցել եմ, թե նախարարի, թե ՀԱՕԿ նախագահի հետ, մեկը մյուսի հետ կապ չունի: Ես ուղղակի անտարբեր չեմ հայկական սպորտի նկատմամբ, սրտացավ մարդ եմ, իսկ այն մարդը, որը ցանկություն ունի սպորտի կողքին կանգնելու, ես պատրաստ եմ նրա կողքին կանգնել: Այդ խոսակցությունների շրջանակում ես հանդիպում եմ ունեցել Յուրի Վարդանյանի հետ, քննարկել ենք հնարավոր հետագա զարգացումները ֆեդերացիայի առաջխաղացման համար, այնպես որ ես բացառում եմ եւ ուզում եմ, որ լավ հասկանանք, որ սպորտը չի կարելի դարձնել կռվախնձոր, ով չի ցանկանում դա կամ չի կարողանում, ուրեմն բարի ճանապարհ իրենց: Եթե չկա համերաշխություն այս ոլորտում, համախմբվածություն, չի ստացվի ոչինչ:

Լրատվամիջոցներում շատ է խոսվում Յուրի Վարդանյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակասությունների մասին, որոնք սրվում են ֆեդերացիաների նախագահների ընտրության ժամանակ, ո՞նց եք հակակշռելու այդ հակասությունը, նման խնդիր չի՞ առաջանա ձեր դեպքում:

Ես կարծում եմ իմ պարագայում նման խնդիր չի առաջանա, որովհետեւ ես, եւ Բռնցքամարտի ֆեդերացիան ոչ մի հակասություն չի տեսնում: Շատ նորմալ եմ համարում համագործակցությունը բոլորի հետ անհատներից մինչեւ պետական, հասարակական կառույցներ:

Գագիկ Ծառուկյանը հավանությո՞ւն տվել է ձեր թեկնածությանը կամ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը ձեր առաջադրմանը:

Եթե խոսքը վերաբերվում է Գագիկ Ծառուկյան անհատի վերաբերմունքին ,ապա կարծում եմ կլինի դրական: Երկու օր առաջ Բռնցքամարտի մրցումներ էին անցնում, որտեղ ես եւ Գագիկ Ծառուկյանը ներկա էինք, մենք իրար կողք նստած նայեցինք եզրափակիչ մենամարտերը: Չեմ կարծում, որ որեւիցե խնդիր կա, չի կարող խնդիրներ առաջանալ:

Կբացահայտե՞ք, թե ինչպես է ձեզ հաջողվում լավ հարաբերություններ պահպանել թե Յուրի Վարդանյանի, թե Գագիկ Ծառուկյանի հետ, դա կարող է օգտակար լինել մյուս ֆեդերացիաների նախագահների համար, ովքեր երկու քարի արանքում են հայտնվել:

Չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք եւ Ծառուկյանին, եւ Յուրի Վարդանյանին, երեւի ես այնպիսի մարդ եմ, որ փորձում եմ սուր անկյուններ չստեղծել:

Մեր «Բլից հարցազրույցում», երբ օլիմպիական խաղերը նոր էին ավարտվել, դուք անուղղակի քննադատեցիք ոլորտը, ճիշտ է, անձնապես Ծառուկյանի մասին ոչինչ չասացիք, բայց կարծես քննադատության թիրախում նաեւ ինքն էր: Այժմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելով՝ կշարունակե՞ք քննադատել հայկական սպորտը ղեկավարողներին:

Միգուցե ավելի սրվի, որովհետեւ հիմա անձամբ ես պատասխանատվություն եմ կրելու, եւ եթե տեսնեմ բացեր, տեսնեմ անորակ աշխատանք, ոչ արդարացի մոտեցումներ, ավելի եմ բարձրաձայնելու:

Սովորաբար ֆեդերացիաների նախագահներ են լինում հայտնի պաշտոնյաներ, գործարարներ եւ մեծ գումարներ են ներդնում, դուք պատրա՞ստ եք ձեր գումարները եւ ժամանակը ներդնել:

Եթե ես մտել եմ այս խաղի մեջ, իհարկե, պատրաստ եմ: Իհարկե կլինեն անձնական ներդրումներ, ամբողջ աշխատանքի կազմակերպման արդյունքում կունենանք շատ այլ միջոցներ, որոնք կուղղենք բռնցքամարտի զարգացմանը:

Կարծիք կա, որ վերջին շրջանում խիստ նորաձեւ է դարձել պաշտոնյաների համար ֆեդերացիաների նախագահ նշանակվելը:

Եթե այդ ամենն արվում է զուտ նորաձեւության համար, ապա դա չի կարող լավ պտուղներ, առողջ պտուղներ տալ, իսկ եթե դա արվում է պրոֆեսիոնալիզմից, սրտացավությունից ելնելով, իհարկե դա կլինի արդունավետ:

Եթե այսօր ընտրվեք, այդ առթիվ հաջողություն եմ մաղթում ձեզ, կդառնաք ֆեդերացիայի ամենաերիտասարդ եւ ոլորտի հետ առնչություն ունեցած ղեկավարը: Նայելով մյուս ֆեդերացիաների ղեկավարներին ՝ այնպիսի անձինք կան, ովքեր ընդհանրապես առնչություն չունեն այդ սպորտաձեւի հետ, նույնիսկ հնարավոր է չեն էլ պատկերացնում՝ ինչ է դա իրենից ներկայացնում: Որքանո՞վ է արդյունավետ նրանց կառավարումը այս դեպքում:

Ես չեմ բացառում, որ լավ քաղաքական գործիչներ կամ բիզնեսմեններ կարող են ղեկավարել ֆեդերացիաները, օրինակ՝ Արմանն էլ ընդհանրապես սպորտի հետ կապ չի ունեցել, նույնը Ըմբշամարտի ֆեդերացիայի դեպքում, Սամվել Կարապետյանը եւս առնչություն չունի սպորտի հետ, բայց նա ֆինանսավորում է եւ չի խառնվում ֆեդերացիայի աշխատանքներին, դիմել է լավ մասնագետների, ովքեր շարունակում են աշխատանքը: Ես չեմ բացառում, որ քաղաքական գործիչները կամ ֆինանսական միջոցների տիրապետող մարդիկ ցանկանան ֆեդերացիա ղեկավարել եւ դա լավ ստացվի: Իհարկե, լավ կլինի, որ լինեն նաեւ մասնագետներ, երկուսը մեկտեղ է ստացվում, երբ մարդը եւ մասնագետ է, եւ ֆինանսավորում է, այստեղ ֆինանսների վատնում տեղի չի ունենում եւ ֆինանսները ծախսվում են իրենց նպատակին:

Այսինքն՝ մասնագիտականը կարեւոր է, բայց առաջնային չէ, առաջնահերթ ֆինանսական գործոնն է: Եթե մասնագետը չունի ֆինանսական միջոցներ, ապա մեկ ուրիշը թող ֆինանսավորի, բայց այդ մասնագետին օգտագործեն, լսեն, հրավիրեն, փոխնախագահ, նախագահ նշանակեն, իրենք լինեն պատվավոր նախագահ, որ արդյունք լինի:

Ահռելի ֆինանսական միջոցներ են պետք ֆեդերացիան աշխատեցնելու, մարզիկների հաջողությունների համար, գուցե խիստ անձնական հնչի հարցս, բայց ամեն դեպքում հետաքրքիր է ՝ այդքան փող որտեղի՞ց ձեզ: Հիմա ձեզ հուզո՞ւմ է այդ հարցը, թե որտեղից, թե՞ որ մարզաձեւը կառողջանա, հաջողություններ կլինեն:

Դե հնարավոր է ասենք ոստիկանապետ աներոջիցս եմ վերցնելու:

Իմ աները հարո՞ւստ է:

Ոստիկանապետ մարդ է, նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել:

Դա իմ համար նորություն է, որ իմ աները հարուստ է: Ինքը հարուստ մարդ է ինքն իրենով, ես կարծում եմ՝ ինքը հոգով հարուստ մարդ է, ոչ ֆինանսապես, չի կարելի Վլադիմիր Գասպարյանին հարուստների դասին դասել, դա վիրավորական է:

Ինչի՞ հարուստ լինելը վիրավորական է:

Արժանի հարուստ լինելը վիրավորական չէ, դա գովելի է: Բայց եթե մարդ այդ ոլորտի մարդ չէ եւ ունի ավելի ուրիշ արժանիքներ, դասել այդ դասին եւ դիտարկել այդպես, պիտակավորում է ստացվում, երբ պետական պաշտոնյային դասում են հարուստների դասին, դա արդեն պիտակավորում է, արդեն վիրավորանք:

Ամեն դեպքում, չասացիք, թե ինչ գումարներով եք ֆեդերացիան աշխատեցնելու:

Համոզված եղեք, որ այս ֆեդերացիայում կներդրվի այնքան գումար, որքան անհրաժեշտ լինի մարզաձեւը զարգացնելու համար տրամաբանական սահմաններում: Ավելի լավ է դուք հետագայում քննեք իմ աշխատանքը, քան թե քննեք իմ գումարները:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը