Ուղիղ 8 տարի առաջ` 2002 թվականի ապրիլի 2-ին հայաստանցիների հեռուստատեսային եթերից անհետացավ միակ անկախ «Ա1+» հեռուստաընկերությունը: Դրանից հետո, այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե անգամ «Ա1+»-ը չլիներ, պետք էր այն հորինել: Հետագա 8 տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է ազատ կապուղիների համար հայտարարված գրեթե բոլոր մրցույթներին, սակայն երբեք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) նրան հաղթող չի ճանաչել:
8 տարի շարունակ «Ա1+»-ն աշխատել է այլ ձեւաչափերով. սկզբում որպես թերթ ու կայք, ապա տեղեկատվություն է սկսել տրամադրել նաեւ բլոգով, youtube-ով ու մոբայլ նորություններով:
Վերջին 2 տարում Հայաստանում դադարեցվել են ազատ կապուղիների համար անցկացվող մրցույթները, սակայն 2010-ի հուլիսից կրկին մրցույթներ են հայտարարվելու, որոնց «Ա1+»-ը կմասնակցի: Հիշեցնենք, որ գրեթե ամեն տարի այս օրը տարբեր հասարակական կազմակերպություններ ակցիաներ են կազմակերպում, բողոքելով «Ա1+»-ի փակման դեմ, սակայն այս տարի նման ակցիաներ չեն կազմակերպվել:




























