Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով նոյեմբերի 20-21-ին կգտնվի Ադրբեջանում, հայտնել են բելառուսական առաջնորդի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ, հայտնում է ԲելՏԱ-ն:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է երկկողմ մի շարք փաստաթղթերի ստորագրում` տարբեր բնագավառներում համագործակցության վերաբերյալ:
Ադրբեջանը եւ Բելառուսը կարեւոր առեւտրատնտեսական գործընկերներ են: 2006 -2012թթ. երկրները ավելացրել էին փոխադարձ ապրանքաշրջանառությունը վեց անգամ, որը անցյալ տարվա արդյունքներով կազմել էր 223,3 միլիոն դոլար: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունը հասել է 216 միլիոն դոլարի, ընդ որում՝ բելառուսական արտահանումն աճել է 1,6 անգամ:





























