Հայտնի է դարձել Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացածների ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Սպիտակի բաժնից հայտնեցին, որ վթարի հետեւանքով մահացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիմոն Հարությունյանը, Արագածոտնի Նիգավան գյուղի բնակիչներ, 30-ամյա Վարուժան Գալստյանը եւ 63-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ ВАЗ 2101-ը վարել է 45-ամյա Սամվել Հակոբյանը, իսկ ВАЗ 2105-ը՝ 35-ամյա Մայիս Եղիազարյանը: Նրանք վիրավորների մեջ են եւ տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Սպիտակի բաժնից հայտնեցին նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը նոյեմբերի 20-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2105» մակնիշի 33 VU 510 պետհամարանիշի եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 67 ԼԼ 244 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից երեքը տեղում մահացել են:

Մինչեւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենանայի վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ե.-ն, ուղեւորներ՝ 1956 թ. ծնված Ս. Հ.-ն ու 1979 թ. ծնված Օ. Հ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: