Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի արդյունքում մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այսօր ցուցմունք է տվել եւ հայտնել, որ հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին, որոնք ղեկավարում է քննիչ Հայկ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դերասանը դա պատճառաբանել է լրատվամիջոցներում քննիչի կողմից տարածված իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով եւ վիրավորական արտահայտություններով եւ շեշտել, որ չի մասնակցի որեւէ քննչական գործողության, որը ղեկավարում է Հայկ Հակոբյանը: Մասնավորապես, Վարդան Պետրոսյանը իր ցուցմունքում նշել է, որ սուտ է, թե ինքը դատարանում ներողություն է խնդրել քննիչից, ինչպես NEWS.am-ին հայտնել էր քննիչը: Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանում քննիչի եւ Վարդան Պետրոսյանի մեջ այլ երկխոսություն է եղել, մասնավորապես՝ դերասանը հայտնել է, թե «մեր ազգում մասնագիտությամբ դերասան մեծամեծ մարդիկ կան, որոնք ազգի պատիվն են, դու նրանց եւս դեռասան ես համարում», ինչին Հայկ Հակոբյանը պատասխանել է, թե իր համար բոլորը «դեռասան են»: Դերասանը նրան կոչ է արել «դեռասան» բառը հանել բառապաշարից: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դատարանում նրանց մեջ ընդամենը այս խոսակցությունն է եղել, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, եւ Վարդան Պետրոսյանը նրանից ներողություն չի խնդրել:

Փաստաբանը այժմ պատրաստվում է քննիչին բացարակ հայտնելու երրորդ դիմումը ներկայացնել դատախազին, որպեսզի նրան վարույթից հետացնեն: Մեր հարցին, թե երրորդ անգամ բացարկի դիմում եք ներկայացնում, որ ինչ անեք, Նիկոլայ Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ես պարտավոր եմ դա անել, այնքան բացարկ պետք է հայտնենք, որ նրան վարույթից հեռացնեն»

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նրան տեղափոխել են «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոն, քանի որ խնդիրներ ուներ սրտի հետ կապված, որոնք այժմ ավելի են սրվել: Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ին: