Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին վերջերս մի քաղաքացի հայտնել է, որ հատուկ ծառայություններում կան բոլոր ձայնագրությունները, որոնք հաստատապես ապացուցում են, որ Վարդան Սեդրակյանը դրա հետ կապ ունի, սակայն, քանի որ դրանք օրենքով չեն ձեռք բերված չեն հրապարկվում:Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի փաստաբանների պալատի անդամ եւ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Ասացի՝ հարգելիս, որպես պետության մարդ, եթե Վարդանը դա իրոք արել է եւ ապացուցելի է, Վարդանին պատժել է պետք: Բայց հիմա միամիտ հարց տամ: Եթե իսկապես կան այդպիսի ձայնագրություններ, որոնց մասին ասում եք, ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ կազմակերպում է, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանի սպանությունը: Բա Խաչիկ Պողոսյանի ձեռքը ինչո՞ւ չէիք բռնում: Բա, որ իրոք կպներ Պարույր Հայրիկյանին»,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը եւ ավելացրեց, որ սպանության դեպքում չէր լինելու ընտրությունները հետաձգելու, չհետաձգելու խնդիր, այլ իսկապես հետաձգվելու էր:
Հիշեցնենք, ո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահի նախկին թեկնածու, որպես «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























