Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքներ չի անցկացնում, որովհետեւ ժողովրդի մոտ երեք իրար հաջորդող ընտրություններից հետո ապատիա է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ այս ամենը ժամանակավոր է, եւ քաղաքական գործընթացներն ապագայում ակտիվանալու են։ ՀԱԿ պատգամավորը վստահ է, որ հասարակությունը հանդես է գալիս իր շահերին առնչվող նախաձեռնություններով, որոնք զուգորդվում են խորհրդարանի չորս խմբակցությունների համատեղ գործունեությամբ;

«Մենք համախմբված ենք հասարակության հետ, եւ իշխանություններին չի հաջողվի խոչընդոտել մեր համատեղ նախաձեռնությունները»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Պատգամավորը նաեւ նշեց, որ իրենք կողմնակից են թավշա հեղափոխությանը, երբ սահմանադրական միջոցներով պարտադրում են իշխանություններին հեռանալ: Նա կոչ արեց հասարակությանը համախմբվել թավշյա հեղափոխության շուրջ՝ շեշտելով, որ  եթե չհաղթեն թավշյա հեղափոխության կողմնակիցները, ուրեմն հաղթելու են արյունալի հեղափոխությունների ջատագովները, եւ երկիրը ավելի վատ վիճակում է հայտնվելու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am