ՀԱԿ խմբակցությունը կառավարությանը «Համատարած եւ համակարգված կոռուպցիա» վերտառությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրում առկա համատարած կոռուպցիայի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ դեկտեմբերի 3-ին այս հարցապնդումը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Հարցապնդման մեջ խոսվում է բյուջեի ծախսերի եւ եկամուտների թալանի, վարչապետի օֆշորային սկանդալի, «Արմավիայի» բյուջե չվճարած հարկերի, պետգնումների գործընթացում չարաշահումների, ավտոկայանատեղերի ու արագաչափերի հետ կախված կոռուպցիոն երեւույթների, ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, նախագահի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործունեության, Սերժ եւ Տիգրան Սարգսյաննների, Արմեն Գեւորգյանի, Աղվան Հովսեփյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Խաչատրյանի հայտարարագրերում առկա հակասությունների մասին:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ՝  իրենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիայի բուրգի գլխին կանգնած է Հայաստանի ղեկավարությունը, եւ պետական բյուջեի թալանը տեղի է ունենում մինչեւ փողը բյուջե հավաքելը, այս կերպ տարեկան թալանվում է 1.8 մլրդ դոլար:

Արդեն բյուջե մտած փողերի տարեկան թալանը (ծախսերից թալանը) կազմում է 700 մլն դոլար: Նա վստահ է, որ եթե չթալանեին,Հայաստանը կարող էր դառնալ ծաղկող երկիր: Իսկ թե ինչ պետք է անի Կառավարությունը այս պարագայում, ՀԱԿ պատգամավորը կարճ պատասխանեց՝ «ինքնահրկիզվի»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am