Նոյեմբերի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 28-ի որոշումը բողոքարկող՝ միասեռականներ Սոնայի և Մաշայի հայցը։
Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ կիրառեց` տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով: Սակայն համաներման մասին օրենքի 1-ին կետի 2-րդ ենթակետով տուգանքը հանվեց:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մաշան հայտնեց, որ իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան: «Ինձ համար էդ գումարը խնդիր չի: Երկու օր կանգնեմ, էդ գումարը կփակվեմ, բայց մենք արդար ենք ու ուզում ենք արդարությունը հաղթի: Ոստիկանությունը մեր գլխին սարքում ա, ընկել են հետևիցս»,- ասաց միասեռականը:
Մաշան պատմեց, որ ոստիկանությունն ամեն կերպ փորձում է «իր ու իր ընկերների վրա գործ բացել»: «Երեկ գիշեր ոստիկանները եկան, ձեռքերս ոլորեցին ու տարան ոստիկանություն, որտեղ ասացին, որ ես իբր ուրբաթ գիշեր մեքենայի հայելի եմ գողացել: Ընկել են ոտիս հետևից, չգիտեն` ոնց գլխիս սարքեն: 15 օր առաջ էլ Սոնային են պիվայի շշով խփել, դիմեցինք ոստիկանություն, դեռ նորություն չկա, ոչ մի բան չեն ասում»:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Մաշայի եւ Սոնայի տված ցուցմունքներն այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01:09-ին Կոմայգու մոտ իրենց և ևս երկու «ընկերուհիների» ծեծի են ենթարկել՝ հափշտակելով «Սոնայի» պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, «անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:




























