«Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ գործ ունի թանկացումների եւ թալանի նոր ալիքի մարտավարություն որդեգրած ավազակապետության հետ»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նշելով, որ այսօր տնտեսական թանկացումների դեմն առնելու իրական հնարավորությունն առկա է, եւ որ ժողովուրդն իր ընզվզման հզորությամբ կարող է բողոքի ալիք բարձրացնել, նա մեկ անգամ եւս շեշտեց, որ դա հնարավոր կլինի անել ընդդիմության կողմից ապրիլի 6-ին կազմակերպվելիք հանրահավաքին մասնակցելով։

Անդրադառնալով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ Լ. Զուրաբյանը նկատեց, որ դրանց պահանջն, անկասկած, կա. «Ինչ որ բա՞ն է փոխվել, որ արտահերթ ընտրությունների գաղափարից պետք է հրաժարվենք. հաղթահարվե՞լ է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչ-որ մի լավ բան այս իշխանությունները կարողացե՞լ են անել կամ ինչ-որ բանով ապացուցել, որ ձախողված չեն»,- հարց բարձրացրեց նա՝ հավելելով, որ ոչ մի բան չի փոխվել, հակառակը, ամեն բան ավելի վատացել է։

Նրա խոսքով, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իրենք առաջարկել են ողջամիտ ժամկետներ. «Եթե այդ ընտրությունները լինեն ավելի ուշ շրջանում, քան մենք առաջարկել ենք, դա կնաշանակի քաղաքական ճգնաժամի խորացում, իսկ ավելի շուտ ժամկետներում դա ուղղակի անմիտ կլինի»,- համոզմունք հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողը՝ ընդգծելով, որ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ եւ միջավայր ստեղծել։

Ամփոփելով՝ Լ. Զուրաբյանը նկատեց, որ «արտահերթ ընտրությունները կանխատեսում չեն, այլ Հայաստանի շահերից բխող ամենալավ առաջարկը»։

Նշենք, որ ՀԱԿ-ը իր վերջին հանրահավաքում Հայաստանում արտահերթ համապետական ընտրությունների ժամկետ էր նախանշել հունիս-սեպտեմբեր ամիսները։