Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ:

«Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարեւոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը եւ կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները եւ  բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: