Փորձաքննությունը հաստատել է ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը Նոր Մոսկվայի ավտոպատահարում, որի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:

Ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունից հետեւում է, որ վարորդի գործողություններում ճանապարհային երթեւեկության եւ մեքենայի շահագործման կանոնների խախտում է նկատվում:

Ոստիկանությանը նաեւ հայտնի էր դարձել, որ բեռնատարի տեխզննում երկար ժամանակ չէր կատարվել: Այդ պատճառով էլ անսարքություններ էին ծագել  արգելակման համակարգում, որոնց մասին Հարությունյանը պետք է որ իմանար, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ պարզվել էր, որ վթարի պահին մեքենան գերծանրաբեռնված է եղել, եւ ամեն ինչի հետ գումարվելով՝ դա հանգեցրել էր արգելակների աշխատանքի էլ ավելի լուրջ խափանման, որի հետեւանքով էլ բեռնատարը չէր կարողացել կանգ առնել:

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Հարությունյանը վթարից առաջ եւ վթարի պահին գիտակից վիճակում է եղել եւ կառավարել է իր գործողությունները:  Այժմ քննիչը մեղադրյալին եւ պաշտպանությանը ծանոթացնում է փորձաքննության արդյունքներին, հաղորդում է ՆՏՎ-ն:

Արյունալի ողբերգությունը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին` Պոդոլսկում: Խիճով բեռնված բեռնատարը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատված եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին:  Ավտոբուսը բառացիորեն երկու մասի էր բաժանվել, իսկ ուղեւորների վրա թափվել էր  բեռնատարի խիճը: Զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: Հարությունյանի նկատմամբ քրգործ էին հարուցել եւ կալանավորել: