Ապրիլի 1-ին ժամը16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են Երևան-Աշտարակ-Բյուրական երթուղու «ԼԱԶ» մակնիշի 22-57 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` 1945թ. ծնված Մ. Ավետիսյան) և «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏԼ 665 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985թ. ծնված Գ. Ղազարյան):

Պատահարի հետևանքով ավտոբուսի 11 և ավտոմեքենայի 3 ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածներին փրկարարների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև 13-ը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց (վիճակները գնահատվել է բավարար), մեկը` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (վիճակը` կայուն ծանր):