Իշխանական ճամբարում շատերը չեն հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է պահպանել վարչակազմի գոյությունը։ Միեւնույն ժամանակ բոլորը հասկանում են, որ նավը խորտակվում է, իսկ իրավիճակն անկառավարելի է դառնում։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նրա համոզմամբ, ներկայիս վարչակազմը կարելի է համեմատել երկգլխանի վիշապի հետ, որի մի գլուխը Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Այդ գլուխները կարող են իրար հայհոյել, կծել, բայց մեր նպատակն է հեռացնել վիշապին»,- նշեց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի թեմային՝ Լ. Զուրաբյանը հիշեցրեց, որ նա իր «նախագահությունն ավարտել է մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի սպանություններով, խղճի վրա ծանրացած 4 մլրդ դոլար թալանով, օլիգարխիկ համակարգի ստեղծմամբ, Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դավաճանաբար դուրս բերելով եւ Ա1+ հեռուստաընկերության փակմամբ»։

Նրա խոսքով, Քոչարյանը Հայստանում գողապետության ստեղծողն է, եւ եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ «հասարակության համար ատելի մեկը կրկին կարող է վերադառնալ քաղաքականություն, ապա նրանք շատ վատ կարծիք ունեն հայ ժողովրդի մասին»։

Ամփոփելով՝ Լ. Զուրաբյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնողն է, «սակայն խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով Սերժ Սարգսյանը դրանք սկսել է վատ ներկայացնել»։