Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը ուղերձով է հանդես եկել, որում անդրադարձել է քրդերին հուզող խնդիրներին, Թուրքիայի օրակարգում առկա սահմանադրական բարեփոխումներին եւ «Էրգենեկոնի» խնդրին:
Firat գործակալության փոխանցմամբ` Աբդուլահ Օջալանը կոչով դիմել է Իրաքի նախագահ Թալաբանիին եւ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետության ղեկավար Բարզանիին եւ զգուշացրել չափից ավել չվստահել ԱՄՆ-ին, քանի որ ազգայնական արաբների իշխանության գալով կրկին կլինի Սադամի ռեժիմի օրոք իրականացված կոտորածների պես մի բան:
Օջալանը անդրադառնալով «Էրգենեկոնին»` նշել է, որ «Էրգենեկոնի» գործով կարեւոր մեղադրյալներից Վելի Քյուչուքը բանտում է, սակայն «Էրգենեկոնի» հիմնական մասը դրսում են: «Ահա Դալանը ԱՄՆ-ում է, Թուրան Չոմեզը (վարչապետ Էրդողանի նախկին օգնականը, որը մեղադրվում է „Էրգենեկոնի“ գործով)` Անգլիայում: Նրանք Ռուսաստան էլ են գնում գալիս: ԱՄՆ-ը կարող է ամեն պահ նրանց կրկին աջակցել: Նախկինի պես հեղաշրջում չի լինի, սակայն մի ինչ-որ խաղով իշխանությունը կվերցնեն: Նրանք 24 ժամվա մեջ կարող են նաեւ այստեղ մտնել եւ ինձ եւս սպանել: Վելի Քյուչուքից նույնիսկ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն են վախենում»,-նշել է Աբդուլահ Օջալանը:
Նշենք, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես` հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Էրգենեկոնի գործը բաժանվել է մի քանի դատավարությունների, որոնցից ամեն մեկում մեղադրվում են 5 տասնյակից ավել անձինք։ Մեղադրական զեկույցները հասնում են մի քանի հարյուր էջի։




























