«Ալմազ-Անտեյ» հակաօդային պաշտպանության կոնցեռնը Չինաստանին С-300 համակարգի 15 զենիթահրթիռային կայանք տրամադրելու պայմանագիր է կնքել։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողներին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Իգոր Աշուրբեյլին։

«Մենք խոշոր պայմանագիր ենք կնքել Չինաստանին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգի 15 դիվիզիոն տրամադրելու մասին»,- հայտարարել է Աշուրբեյլին։

Նրա խոսքով, գնորդները ռուսական արտադրանքի համար «մեծ հերթի» են կանգնել, սակայն կոնցեռնը դադարեցրել է պայմանագրեր կնքելու գործընթացը։

«Նախ պետք է զինել ռուսական բանակը։ Եթե ազատ հզորություններ լինեն եւ մենք իրականացնենք կնքված պայմանագրերը, ապա այդ գործընթացը կշարունակվի»,- ավելացրել է Աշուրբեյլին։