Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովային բերման են ենթարկել Տաշքենդ քաղաքի ներքին գործերի բաժին: Այս մասին նա ինքն է հայտնել Twitter-ի միկրոբլոգում:
«Ես բաժնում եմ: Ամենահետաքրքիրն այն է, որ իմ էջում զորակցող խոսքեր են գրում Ռուսաստանից, Ղազախստանից… իսկ Ուզբեկստանն, ինչպես միշտ լռում է», — գրել է Քերիմովան, հաղորդում է Russia Today-ը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, որ հոկտեմբերի վերջին Քարիմովների ընտանիքում սկանդալ էր ծագել:
Ըստ վարկածներից մեկի` դրա պատճառը կարող էր լինել Քարիմովայի զարմիկ, Ուզբեկստանի նախագահի քրոջ որդի Աքբարալի Աբդուլայեւի ձերբակալությունը: Ըստ որոշ տեղեկությունների` ԱԱԾ-ն Իսլամ Քարիմովին Աբդուլայեւի նախագահական հավակնությունների վերաբերյալ զրպարտող փաստեր էր ներկայացրել:
Դրանից հետո Գուլնարան իբր փորձել էր փրկել հարազատին ձերբակալությունից եւ ԱԱԾ-ի ղեկավարության դեմ էր արտահայտվել: Նա պնդել էր, որ հատուկ ծառայության պետ Ռուստամ Ինոյատովը մտադիր է զավթել երկրի իշխանությունը: ԱԱԾ-ն ի պատասխան Քարիմովին էր հանձնել արդեն դստերը զրպարտող փաստեր:
Ավելի վաղ Ուզբեկստանում իրենց աշխատանքը դադարեցրել էին նախագահի դստեր ենթակայությամբ գործող հեռուստաալիքները եւ ռադիոկայանները, նրա շրջապատի որոշ ներկայացուցիչներ, ներառյալ պահպանության ծառայության աշխատակիցները, լքել էին երկիրը:





























