ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն իրենց կանանց` Միշելի եւ Հիլարիի ուղեկցությամբ չորեքշաբթի օրը հարգել են 1963թ. նոյեմբեի 22-ին Դալասում սպանված նախագահ Ջոն Քենեդու հիշատակը, հայտնել է Սպիտակ տունը:
Վաշինգթոնի Արլինգթոնյան ազգային գերեզմանատանը ԱՄՆ-ի 42-րդ եւ 44-րդ նախագահները պսակ են դրել 35-րդ նախագահի շիրիմին`զինվորական շեփորների հնչյունների ներքո: Հիշատակի արարողությանը ներկա են եղել Քենեդի գերդաստանի անդամները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից առաջ Սպիտակ տանն Օբաման ԱՄՆ-ի նախագահական Ազատության մեդալ էր հանձնել 16 հոգու, այդ թվում` Քլինթոնին:
Գործող նախագահը գովասանքի խոսքեր է ասել Աքանզասի նահանգապետի, ԱՄՆ-ի նախագահի եւ Քլինթոնի գլոբալ նախաձեռնության (բարեգործական կազմակերպություն, որն ըստ Օբամայի միլիոնավոր կյանքեր է փրկել) պաշտոններում Քլինթոնի գործունեության վերաբերյալ: «Ես քեզ շնորհակալ եմ, Բիլ, նաեւ խորհուրդների համար, ինչպես գոլֆի դաշտում, այնպես էլ դրանից դուրս», — կատակել է Օբաման: Պարգեւի արժանացածների թվում էին նաեւ առաջին կին տիեզերագնաց Սալի Ռայդը (պարգեւատրվել է հետմահու) եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:




























