Կոտայքի մարզում երեկ՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել, հետիոտնը տեղում մահացել է: NEWS.am-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից հայտնեցին, որ Սեւան քաղաքի բնակիչ 52-ամյա Նորայր Գրիգորյանը, վարելով «ԳԱԶել» մակնիշի մեքենան, որը սպասարկում է Սեւան-Երեւան միջհամայնքային թիվ 317 երթուղին, դեպի Սեւան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը Գոհար Շահնազարյանն է, ով աշխատում է «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: