Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկ») մոտ երկու ամիս Մոսկվայում մնալուց հետո վերադարձել է: ՌԴ-ի մայրաքաղաքում նա զբաղված էր ապրիլի 5-ին տեղի ունեցած վթարի հետեւանքները վերացնելով, այնտեղ երկու վիրահատության է ենթարկվել, առաջիկայում եւս նախատեսվում են նոր վիրահատություններ:
Ինչպե՞ս եք ձեզ զգում, լրիվ ապաքինվե՞լ եք, թե՞ ոչ:
Մասամբ ապաքինվել եմ, Մոսկվայում բավականին լուրջ հետազոտություններ եմ անցել, երկու թեթեւ վիրահատություն եմ տարել գլխի շրջանում, հիմա, Փառք Աստծո, ինձ լավ եմ զգում, մնացել է անրակների վիրահատությունը, դա էլ բժիշկների հետ կոնսիլիում արեցինք եւ որոշեցինք տոների ընթացքում անել:
Փաստորեն, վթարի հետեւանքները վերացնելու նպատակով քանի՞ վիրահատություն եք տարել եւ քանի՞սն են նախատեսվում:
Երեք վիրահատություն եմ տարել, մեկ-երկուսն էլ դեռ պետք է:
Դեպքի առթիվ հարուցված գործը կարճվել էր, ձեզ համար գոնե պարզ է, թե ում մեղավորությամբ կամ ինչ պատճառով է վթարը եղել:
Վթարը, Աստված մի արասցե, բոլորի հետ կարող է լինել՝ անկախ ամեն ինչից, իր դիրքից, պաշտոնից, ով լինելուց, ու ցավոք, վերջին շրջանում տեսանք, թե մեր համազգային սիրելի դերասանների հետ ինչ պատահեց, ոչ ոք ապահովագրված չէ դրանցից: Բայց այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, դժբախտությունը, ցավը մեր հոգու մեջ է, պետք է հեղափոխություն անենք մեր սրտերի մեջ, որ ավելի լավ լինի:
Հիմա ղեկին նստո՞ւմ եք, թե առհավետ ձեր աչքը վախեցած է:
Չէ, սկզբի շրջանում շատ վախեցած էի, ամեն ինչից վախենում էի մի պահ, անգամ խուսափում էի, բայց հիմա անցավ այդ ամենը, վերջացավ, թեեւ դեռ ղեկին չեմ նստել:
Պաշտոններ զբաղեցնելու առաջարկություններ չունե՞ք: Բացարձակապես չեմ խոսել եւ չեմ էլ ուզում խոսել, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ ոչ մի պաշտոն, պատրաստ եմ առանց պաշտոն ստանձնելու, առանց աշխատավարձ ստանալու օգնել այս իրավիճակից միասին դուրս գալու համար, որովհետեւ վաղը չէ մյուս օրը շատ ուշ կլինի: Ամեն օր այս երկիրը դառնում է պայթյունավտանգ:
Դուք մոտ մեկ տարի առաջ եք դարձել ԲՀԿ-ական, ի՞նչ տվեց ձեզ այդ ընտրությունը, կուսակցական գործունեությամբ զբաղվո՞ւմ եք:
Իմ կուսակցությունը առաջին օրվանից ասել եւ ասում եմ՝ եղել է հայ ժողովուրդը: Չեմ ուզում խոսել կուսակցական պատկանելիությունից, որովհետեւ անցած տարիների ընթացքում մենք չենք ունեցել ընտրություններ: Դեռ ոչ մի կուսակցական հավաքի չեմ մասնակցել, ֆիզիկապես չէի կարող, բայց արդեն լրիվ ապաքինվում եմ, ոտքի վրա եմ, կմասնակցեմ:
Գո՞հ եք ձեր ընտրած կուսակցության քաղաքականությունից, որովհետեւ կարծես պարզ չէ, թե ԲՀԿ-ն որ դաշտում է:
Ես չգիտեմ ԲՀԿ-ն որ դաշտում է, ես գիտեմ, թե Գագիկ Ծառուկյանը որ դաշտում է, նա ասել է եւ էլի է ասում, որ ինքը ժողովրդի կողքին է:
Այժմ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել, մտնելո՞ւ եք ակտիվ քաղաքական դաշտ:
Ես երբեւէ քաղաքականությունից հեռու չեմ եղել, միայն առողջական խնդիրները ստիպեցին ինձ ժողովրդի կողքից հեռու լինել: Ես հետեւում եմ բոլոր գործընթացներին, եւ ամեն օր քնելուց առաջ մտորում եմ առկա խնդիրների, դրանց լուծման մասին: Այսօր պետք է մտածենք վատ վիճակից դուրս գալու մասին, փորձենք մեկս մեկին օգնենք, ճանապարհներ գտնենք:
Իսկ կոնկրետ ինչո՞վ եք զբաղվում այժմ:
Ծրագրեր եմ մշակում, մտածում եմ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ստեղծված վիճակից դուրս գալ: Ամենամեծ խնդիրը, որ ծառացած է մեր առաջ, այն է, որ մենք այսօր միասնական չենք, պետք է մի քիչ ամբիցիաները, էմոցիաները մի կողմ դնենք, սիրենք, հարգենք մեկս մեկին:
Ի՞նչ եք առաջարկում ծառացած խնդիրները լուծելու համար:
Ես մի խնդրանք ունեմ, որ ուզում եմ բարձրաձայնել ձեր միջոցով: Ես ունեմ կոնկրետ ծրագիր, որը կապված է խնդրահարույց ոլորտների հետ, ինձ ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյա ինձ լսեն: Խոսքը վերաբերում է հարգարժան վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ես նրանցից շաբաթական 60-ական րոպե եմ խնդրում, որպեսզի ներկայացնեմ իմ ծրագիրը, քննարկենք եւ անցնենք գործի: Ես գիտեմ բանաձեւը, բայց ցավոք չեմ կարողանում դա իրագործել, ինձ ընդամենը շատ քիչ բան է պետք, ընդամենը ժամեր:
Ի՞նչ եք առաջարկելու վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին:
Եթե ինձ կուզենան լսել երկու բարձր պաշտոն ունեցող անձնավորություններ, ես պատրաստ եմ միանգամայն անվճար առաջարկություններ անել իրենց, թե ինչ պետք է անել այս պահին, որ երկրի բյուջեն լցվի եւ ստեղծվեն աշխատատեղեր: Ընդ որում՝ շատ կարճ ժամանակահատվածում: Ոչ մեծամիտ եմ, ոչ գոռոզ եմ, ոչ էլ դեմագոգ, ոչ էլ ինքնահաստատվելու խնդիր ունեմ, բայց ինձ մտահոգում է այսօրվա վիճակը: Քաղաքապետին ես կասեմ, թե ինչ է պետք անել Երեւանում, որ ընդամենը 100-200 օրվա ընթացքում իրավիճակ փոխվի, ես ցույց կտամ, թե ինչպես կարելի է տրանսպորտի ուղեվարձը պահպանել 100 դրամ, բայց ունենալ որակյալ ծառայություններ: Ես իրենց կասեմ, թե ինչպես կարելի է Երեւանում 2000 աշխատատեղ ստեղծել առանց պետբյուջեի միջոցներին կպնելու: Երեւանում մենք ահռելի անելիքներ ունենք, որը չի արվել վերջին 25 տարվա ընթացքում: Երեւանի բյուջեին ես կարող եմ մոտ 10 մլրդ դրամի եկամուտ բերել: Ինձ ոչինչ պետք չէ, ընդամենը ուզում եմ, որ այդ մարդիկ ինձ լսեն, եթե կա հակաօրինական բան իմ ասածների մեջ, ես պատրաստ եմ պատախանատվություն կրել:
Բայց վարչապետը չի սիրում ԲՀԿ-ականներին լսել կամ էլ նրանց երկու բառով է պատասխանում, ինչպես ցույց տվեց Տիգրան Ուրիխանյանի հետ վերջին հարցուպատասխանը:
Ես էլ շատ բան չեմ սիրում, բայց դա բացարձակապես կապ չունի: Եթե չեն ուզում լսեն, թող բարի լինեն իրենք մի բան անեն եւ իրավիճակը փոխեն:
Բայց ձեր նշած ծրագրերը իրագործելու համար մեծ միջոցներ են պետք, բիզնեսով զբաղվո՞ւմ եք:
Առաջնահերթը մարդկային գործոնն է եւ ցանկությունը: Ես Հայաստանում բիզնեսներ չունեմ, իմ բիզնեսները եղել են Ռուսաստանում, բաժնեմասեր կան:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը





























