Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը աշխատավորներին սուրբծննդյան նվեր է խոստացել՝ կրկնակի 13-րդ աշխատավարձ: Պետության ղեկավարի հրամանագրով՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի աշխատակիցներն այսուհետ տարեվերջին կրկնակի պարգեւավճար կստանան,  երբ երկրի ՀՆԱ-ի աճը գերազանցում է  4,5%-ը:

Կառավարությունն ակնկալում է, որ այս տարի ցուցանիշը պետք է կազմի 6,7%: Կրկնակի 13-րդ աշխատավարձի մասին լուրը չորեքշաբթի օրը անակնկալ կերպով հայտնել է Էվո Մորալեսը` արհմիությունների առաջնորդների հետ կառավարական պալատում հանդիպման ժամանակ, որոնք լուրը ցնծությամբ եւ բուռն ծափահարություններով են ընդունել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տարեվերջյան  երկրորդ պարգեւավճարը, որը հավանություն է ստացել Նախարարների խորհրդի կողմից եւ ստացել «Ջանք հանուն Բոլիվիայի» անվանումը, աշխատողներին պետք է վճարվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Դա քիչ հավելում չէ աշխատավարձին, որը կազմում է ամսական միջինը 500 դոլար:

Ըստ նրա` 2006թ.-ից  իրականացվող սոցիալիստական մոդելի շնորհիվ կառավարությանը հաջողվել է ոտքի հաննել երկիրը եւ տնտեսական աճ ապահովել: