Ավստրալիայի ոստիկանությունը զբաղվում է երկրի դաշնային խորհրդարանի որոշ անդամների հեռախոսազրույցների գրանցմամբ: Այդ մասին հայտարարել է դաշնային ոստիկանության ղեկավար Թոնի Նեգուսը` Ավստրալիայի խորհրդարանի Սենատի լսումների ընթացքում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Պատասխանելով հարցին, թե քանի խորհրդարանականներ են ենթարկվում նման վերահսկման, Նեգուսն ասել է. «Հինգից քիչ»: Նա կտրականապես հրաժարվել է նշել այդ օրենսդիրների անունները, սակայն ընդգծել է, որ ոստիկանության նման գործունեության մեջ ոչ մի անօրինական բան չկա, քանի որ այն իրականացվում է իշխանությունների թույլտվությամբ եւ ուղղված է բացառապես հանցավորության դեմ պայքարին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նեգուսը նաեւ նշել է, որ խոսքը բուն հեռախոսազրույցները գաղտնալսելու մասին չէ, այլ բաժանորդների գրանցման, որոնց զանգահարում կամ որոնցից զանգեր են ստանում խորհրդարանականները: Գրանցվում է նաեւ խոսակցության տեւողությունը: Նույնապես գրանցվում են նաեւ օրենսդիրներին էլեկտրոնային փոստով նամակ ուղարկողները եւ նրանցից նամակ ստացողները:




























