Մաքսային միության երկրներն ու Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, որպեսզի աջակցեն Հայաստանի՝ կառույցին միանալուն: Ինչպես այսօրվա կառավարության նիստի ժամանակ է հայտարարել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատանքային խումբը ձեւավորվել է երկու օր առաջ:
Աշխատանքային խումբը պետք է մշակի բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսվում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար: Դեկտեմբերի հինգին խումբն առաջին նիստը կանցկացնի:
«Մինչ այդ մենք պետք է պատրաստ լինենք ներկայացնել բոլոր աշխատանքները, որոնք պետք է անենք յուրաքանչյուր ճյուղում, ինչպես նաեւ այդ աշխատանքների իրականացման ժամկետները: Դեկտեմբերին պետք է պատրաստ լինի «ճանապարհային քարտեզը», որը պետք է ներկայացնենք նախագահներին»,-ընդգծել է վարչապետը: Նա հավելել է, որ արդեն հանդիպել է ՄՄ երեք անդամ-պետությունների վարչապետների հետ: Նրանք բոլորն էլ խոստացել են աջակցել Հայաստանին՝ Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը մշակելու հարցում:





























