Հայաստանում կխստացվեն ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակումները: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը:
Ծխախոտի գովազդը նախկինի պես արգելված է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, էլեկտրոնային եւ տպագիր մամուլում, ինչպես նաեւ արտաքին գովազդներում, խանութներում եւ հասարակական սննդի կետերում:
Ծխախոտի գովազդը թույլատրվում է միայն հատուկ հաստատություններում` նախատեսված միայն ծխախոտի խանութների համար: Այդ խանութներում ծխախոտը կարող են գովազդել նաեւ խանութի աշխատակիցները, ինչպես բանավոր, այնպես էլ տեսողական: «Սակայն գովազդի հետ մեկտեղ սպառողը պետք է տեղեկություն ստանա նաեւ ծխախոտի վնասակարության մասին», – ընդգծել է նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է ծխելու դեմ պայքարի կարեւորությունը, այդ թվում նաեւ ամբողջ հասարակության ջանքերի միջոցով: «Ծխելը լուրջ խնդիր է մեր հասարակության համար: Մեր երկրում ամեն տարի դրանից մահանում են հարյուրավոր մարդիկ: Սակայն, չգիտես ինչու, մենք չենք լսում հասարակական կազմակերպությունների ձայնը: Բնապահպանական ակտիվիստների մասին լսում ենք ամեն օր, թեեւ Հայաստանի բնապահպանական ռիսկերն ավելի կառավարելի են: Իսկ ծխելու վնասը առանց վերահսկողության է մնում: Դրա դեմ բողոքն ավելի լսելի պետք է լինի», – նշել է վարչապետը:





























