Այս տարի Երեւանում Ամանորի տոնական ձեւավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առեւտրի կանխմանն առնչվող հարցեր:

Այս տարի եւս լավագույն ձեւավորում ապահոված հասարակական, առեւտրի եւ սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգեւատրվեն Երեւանի քաղաքապետի կողմից:

Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առեւտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի եւս հետամուտ է լինելու   առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաեւ նախատոնական  առեւտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում եւ բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների  դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Կանոնակարգված առեւտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաեւ համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները: