«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին երեկ՝ նոյեմբերի 20-ին, ուշ երեկոյան, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ այսօր այցելել էր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ տեսակցելու Շանթ Հարությունյանին, բայց հայտնեցին, որ նրան տեղափոխել են եւ փաստաբանը իր պաշտպանյալին տեսակցել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում: Նրանք զրուցել են, եւ Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, բողոքներ չունի, անձնակազմը նորմալ է իրեն վերաբերում: Որոշել են դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու որոշումը բողոքարկել, քանի որ փաստաբանի փոխանցմամբ, դեռեւս 2008թ փորձաքննության եզրակացության մեջ նշված է եղել, որ Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում: Սահմանված ժամկետում նրանք կդիմեն Վերաքննիչ դատարան՝ բեկանելու Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։
Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող Շանթ Հարությունյանը, որը մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։





























