Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հասցեին վայրահաչողները գլուխները պատին են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, պատերազմի ժամանակ լեգենդար 5-րդ բրիգադի շտաբի պետ, «Պոլկովնիկ» անվամբ հայտնի Ֆրունզե Ավագյանը: «Մարդը հետվիրահատական բուժման կուրս է անցնում, բժիշկները վիճակը միանգամայն լավ են համարում: Գեներալի հետ մշտական կապի մեջ ենք, օրվա 24 ժամն էլ նրա հանձնարարություններն ենք կատարում: Ահա, նոյեմբերի 28-ին 5-րդ բրիգադի հիմնադրման տարեդարձն է: Գեներալի հանձնարարությամբ միջոցառումներ ենք անցկացնելու, այցելելու ենք եւ Եռաբլուր, եւ կենտրոնական հավաքակայանում բրիգադի պատվին տեղադրված խաչքարին»,- նշեց Ֆրունզե Ավագյանը եւ ավելացրեց, որ ԵԿՄ-ն, իր ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ, ամբողջ օրն էլ աշխատում է իր կանոնադրական նպատակների կատարման ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայում գտնվող Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ է, եւ նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը աշխատանքային այցով է մեկնել Ֆրանսիա, ոչ թե հոր առողջական վիճակի վատթարացման: «Գեներալը հիմա Ֆրանսիայում պլանային բուժում է ստանում: Իսկ բժիշկները հետվիրահատական ապաքինումը լավ են գնահատում: Մանվել Գրիգորյանը Հայաստան կվերադառնա դեկտեմբերին»,- նշել էր Վարդան Վարդանյանը:





























