«Հայկական ժամանակը» գրում է, որ շաբաթ օրը Հայաստանի կոմկուսը նոր ղեկավար է ընտրելու։
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ կոմկուսում առաջնորդի համար սուր պայքար է ծավալվել, որը կարող է վերածվել սկանդալի։ Բանն այն է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալը՝ կոմունիստ Գագիկ Մանուկյանը, Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տեղափոխվել է Երեւան ու հիմա փորձում է կոմկուսն իր ձեռքը վերցնել։
Կուսակցության մեր աղբյուրները հայտնում են, որ շաբաթ օրը տեղի ունենալիք պլենումի ժամանակ կոմկուսի առաջնորդ, ամենայն հավանականությամբ, կընտրվի կուսակցության կենտկոմի ներկայիս երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով շուտով դառնալու է 73 տարեկան եւ, ի դեպ, եւս ծագումով գյումրեցի է։
Իսկ Գագիկ Մանուկյանը վճռականորեն տրամադրված է, որ նույն օրը կդառնա կոմկուսի երկրորդ քարտուղար։ Բանն այն է, որ կոմկուսում Տաճատ Սարգսյանի պաշտոնավարումը դիտում են որպես ժամանակավոր տարբերակ. 2014թ. գարնանը նախատեսված է կոմկուսի համագումարը, եւ հիմա Գագիկ Մանուկյանը երկրորդ քարտուղարի պաշտոնը դիտում է որպես տրամպլին՝ գարնանը կուսակցությունում իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու համար։
Հիշեցնենք, Գագիկ Մանուկյանը բոլորովին վերջերս հարցաքննության էր կանչվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման քրեական գործի շրջանակներում։
Վարդան Ղուկասյանի մանկության ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը սույն գործով այժմ անազատության մեջ է, իսկ կոմունիստ Գագիկ Մանուկյանը, ում ստորագրություններն են դրված գրեթե բոլոր փաստաթղթերի տակ, կարող է ցանկացած պահի ձերբակալվել, եթե բարձրագույն իշխանությունները դա ցանկանան։ Եվ հիմա որեւէ պաշտոն ստանալու բոլոր հույսերը կորցրած եւ «մազից կախված» Գագիկ Մանուկյանը իրար է խառնել երբեմնի հզոր կուսակցությունից մնացած խմբակը։ Կոմկուսում բաժանվել են 2 թեւի. մի թեւը Մանուկյանինն է, մյուսը՝ կուսակցության կազմակերպչական բաժնի վարիչ Բորիս Գյուրջյանինը»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























