Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին  տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանը «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոնում ընդամենը հետազոտություններ է անցել, այժմ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում է ստանում, հետվիրահատական բուժման կուրսը ամբողջովին կանցնի «Դատապարտյալների հիվանդանոցում»: Իսկ թե երբ նա «Դատապարտյալների հիվանդանոցից» կտեղափոխվի ՔԿՀ, հայտնի չէ, կախված է նրա ապաքինման ընթացքից: Ավելի վաղ նա մեկ անգամ արդեն վիրահատվել էր, հարցականի տակ է՝ աղջիկը կքայլի, թե ոչ:

Վթարի հետեւանքով մյուս տուժածը՝ Տաթեւ Հակոբյանը շարունակվում է գտնվել «Արմենիա» բժշկական  կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքում: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը լավ է, հայտնի չէ՝ երբ դուրս կգրվի, առաջիկայում նախատեսված վիրահատություններ չկան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: