Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը նամակ է հանձնել հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանական բանակի զինվոր Անար Հաջիեւի ծնողներին՝ իր որդուց: Այս մասին «ԱՊԱ»-ին հայտնել է գերու մայր Նաիլյա Մամեդովան: Նրա խոսքով, նամակն իրենց է հանձնվել այսօր եւ դա թվով 4-րդ նամակն է Անարից:

Գերության մեջ հայտնված ադրբեջանցի զինվորը նամակում մասնավորապես գրել է. «Իմ մասին մի անհանգստացեք: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Բարեւում եմ բոլորին: Էլչինը (եղբայրը) ամուսնացել է, թող երջանիկ լինի»:

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ստեփանակերտում Հաջիեւին այցելել են հուլիսի 23-ին: Անար Հաջիեւը ադրբեջանական բանակում զինծառայության է անցել Գերանբոյի զինկոմիսարիատից: նա գերի է ընկել մայիսի 10-ին:

Նկատենք, որ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ իբր հայ զինվորները սովի պատճառով գերի են հանձնվում ադրբեջանական կողմին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս նրանք կմեկնաբանեն ադրբեջանցի զինվորների գերի հանձնվելու փաստը: