Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական Der Spiegel պարբերականին: NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Der Spiegel-ի հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:
Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրագործել, եւ թե թուրքական պատմությունն «արեւի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են հանդես գալիս, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:
Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:
Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:
Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:
Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:
Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:
Ինչպես կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում եւ դատապարտում են: Անկարայի համար կարեւորը որոշումները ձգձգելն է. որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձեւեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:
Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարևոր:
Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:
Ձեր նստավայրի պատուհանից երեւում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:
Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ սակայն հետեւյալը. երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:
Մենք Ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եւ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:
Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:
Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռեւս համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը։
Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:
Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:




























