Երեւան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով:  Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք: Վանական համալիրի տարածքում են գտնվում նաեւ Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների եւ այլ սրահներ ու մասնաշենքեր: Երեւանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաեւ «Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող  աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարեւոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգեւոր կյանքի եւ ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով  Ռուսաստանի հայերի հոգեւոր կենտրոն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով առաջնորդարանի կողմից կատարվող աշխատանքները, իր հերթին ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակում մշտապես համագործակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ այլ քաղաքների հայ համայնքների հետ, եւ պատրաստակամություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել առաջնորդարանին: