«Թաթարստան» ավիաընկերությունը անձնակազմի զոհված անդամների ընտանիքների օգնության համար 2 միլիոն ռուբլու փոխհատուցում է տրամադրելու: Երկուշաբթի ընկերությունը զոհվածների հարազատներին վճարել է 658 հազարական ռուբլի: Մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում է վճարել մնացած գումարը, հայտնում է «Թաթարստան» ավիաընկերությունը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Կազան մեկնող «Թաթարստան» ավիաընկերության ուղեւորատար Boeing 737 օդանավը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 17-ին՝ օդանավակայանում վայրէջք կատարելիս:
Կազանում օդանավի վթարի ենթարկվելու նախնական եւ հիմնական վարկածը անձնակազմի սխալն է: Ավիավթարը խլել է 52 մարդու կյանք: Զոհերի թվում են Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի որդին, Թաթարստանի ՌԴ ԱԴԾՎ-ի պետ Ալեքսանդր Անտոնովը եւ մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը: Զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:




























