Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապատեղեկատվություն է համարում Գյումրին փակ քաղաք վերածելու մասին խոսակցությունները: Այդ մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:
Տիգրան Սարգսյանը այսօր Գյումրիում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է պատմել դեկտեմբերի 2-ին սպասվելիք ՌԴ նախագահի այցելությունից եւ ծրագրերից: Նշենք, թե Գյումրիում տեղեկություններ են տարածվել, որ մի քանի կառույցների վերաբերյալ քննարկում են ռուսական կողմին հանձնելու մասին: Այսօր ՀՀ վարչապետը շրջել եւ ուսումնասիրել է Գյումրիում մի քանի կառույցներ, սակայն բացառել է, որ նման ծրագրեր կան:
Հարցին, թե ինչ կառույցներ են, ինչ նպատակով եւ ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը պատրաստվում հանձնել ռուսական կողմին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ես գոնե նման բան չգիտեմ եւ առաջին անգամ ձեզանից եմ տեղեկանում»:
Հարցին, թե ի՞նչն է ոգեւորության պատճառը, որ հայկական կողմը ՌԴ նախագահի այցին սպասում է որպես տոնի եւ իրադարձության՝ փողոցներ ասֆալտելով, օբյեկտներ վերակառուցելով, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Նախ փակ քաղաքի մասին ասեմ, որ Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքն է եղել եւ կմնա, եւ այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու վերաբերյալ: Ինչ մնում է ՌԴ նախագահի այցելությանը, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երեւան է այցելելու Պուտինը, այլ նաեւ Գյումրի: Եւ երկրորդը՝ դուք միշտ էլ նկատած կլինեք, որ երբ որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, որ մեր հարաբերությունները ընդլայնվեն եւ խորանան, եւ մենք համոզված ենք, որ այդ այցեությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս այցելությունն էլ հենց այդպիսին կլինի, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաեւ՝ գյումրեցիների: Այնպես որ, բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն»:
Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ սպասվում է հայ-ռուսական ընդլայնված տնտեսական ֆորում եւ սպասում են ռուսական ներդրումների:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում




























