Ադրբեջանում օգոստոսի 8-ից գերության մեջ գտնվող ժամկետայնին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը, նամակ է գրել նախագահին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի եւ սոսկալի իրավիճակում: Որդիս՝ Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին եւ մինչ օրս գտնվում է գերության մեջ:
Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը: Թերեւս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը: Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի եւ նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան:
Դուք էլ եք ծնող եւ պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի:Գիտեմ, որ առանց այդ էլ եւ' Պաշտպանության նախարարությունը, եւ' ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը: Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին եւ ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք: Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է: Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների եւ անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը:
Հակոբը միայն իմ որդին չէ, այլ` հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը: Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ: Երկնքում Աստծուն ենք ապավինում, երկրի վրա` Ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում: Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ խնդրում ենք արծարծել նաեւ այս հարցը: Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ՝ առաջին հերթին ձեր ազգի նվիրյալ զինվորն եք եղել, ուստի` ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը: Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության: Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի' թողեք:
Աստված զորավիգ լինի Ձեզ: Ակնկալում ենք Ձեր օգնությունը»:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակկների հանդիպումը գերի զինվորի հետ: Առաջին անգամ նրանք կարողացան տեսնել ռազմագերուն միայն 12 անց:




























