Թուրքիայի լրագրողների ֆեդերացիայի եւ Իզմիրի տնտեսագիտական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Լրագրողները Կովկասում կայունության եւ համագործակցության համար» համաժողովին մասնակցելու համար Կովկասից Իզմիր են մեկնել 16 լրագրող:
Թուրքական Gazeteciler կայքէջի փոխանցմամբ` Իզմիրում Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ապրիլի 3-4-ը կայացած կլոր սեղանի շուրջ քննարկման թեման է եղել Կովկասում կայունության եւ համագործակցության համար լրատվամիջոցների դերակատարությունը: Համաժողովին մասնակցել է նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Թուրքիայի լրագրողների ֆեդերացիայի նախագահ Աթիլլա Սերթելը բացման խոսքում նշել է, որ նման հանդիպում առաջին անգամ է իրականացվում, որի նպատակն է հայ եւ ադրբեջանցի լրագրողների միջեւ բարեկամության արտացոլումը երկու երկրների հասարակությունների մեջ: Բանախոսը նույն ցանկությունն է հայտնել վրացի եւ ռուս լրագրողներին, որ իրենք լրատվության միջոցով լուծեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդիները:




























