Հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցը, որը կարող է ստորագրվել Վիլնյուսի բանակցությունների ընթացքում Հայաստանի ու Եվրամիության միջեւ, դեռ քննարումների փուլում է: Այս մասին նոյեմբերի 26-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով գիտական կոնֆերանսի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Մենք շատ ժամանակ ունենք՝ երեք օր: Միջազգային կոնֆերանսների համար սա բավական շատ է: Շատ երեւույթներ տեղի են ունենում հենց կոնֆերանսի օրը, երբ մասնակիցները միասին հավաքվում են ու սկսում են քննարկել հետագա գործողությունները: Ես գիտեմ, որ Հայաստանը ցանկանում է համատեղ համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջեւ, սակայն չեմ կարող ոչինչ կանխատեսել»,- նշել է դեսպանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ կամ ոչ, Ռայներ Մորելը հայտնել է, որ ինքն ավելի հակված է փաստաթղթի կնքմանը: «Սակայն անկախ փաստաթղթից, Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ «Արեւելյան գործընկերության» անդամ, ու դա է ամենակարեւորը: Սա նման է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, դուք կարող եք քայլ առ քայլ առաջ գնալ»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքով՝ մարդիկ սխալ կարծիք ունեն, թե Եվրոպան երկրներին իր կողմն է ձգում, իսկ Ռուսաստանը՝ իր:
«Սխալ է, «Արեւելյան գործընկերությունը» միտված է հասարակության դեմոկրատացման ու տնտեսության արդիականացման ոլորտում աջակցել անդամ վեց պետություններին: Դա արվում է հանուն այդ պետությունների, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է դեմ լինել»,- հայտարարել է Գերմանիայի դեսպանը՝ ընդգծելով, որ Ասոցացման համաձայնագրից բացի, կան համագործակցության այլ տեսակներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը:




























