Հայաստանը եղել եւ մնում է խաչմերուկում եւ քաղաքականությունը ձեւավորում է ելնելով ազգային շահերից: Այս մասին նոյեմբերի 27-ի «Հայաստանը փակուղում կամ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով հանրային-քաղաքական քննարկման ընթացքում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար, ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
«Եվրամիության հետ տարբեր բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ համաձայնագրերն ուժի մեջ են մնում, եւ մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մաքսային միություն Հայաստանի մտնելը ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից է բխում: Սրանք մեր դիրքորոշման հիմքում ընկած հիմնական մոտեցումներն են», - նշել է պատգամավորը: Շահգելդյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի հիմնական արտահանումը բաժին է ընկնում ՄՄ անդամ երկրներին: Նա նկատել է , որ էներգակիրները նույնպես ՀՀ են ներմուծվում ՄՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի է ունենալու ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը, որի ընթացքում սպասվում էր ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բացառվել էր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























