Շարքային հայերը վատ են պատկերացնում եւ եվրաասոցացման, եւ Մաքսային միության էությունը, նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտնել է «Marketing Professional Group» ՍՊԸ-ի ղեկավար, Հայաստանում «Gallup International»-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը: Հետազոտությունն անցկացվել է 2013թ. հոկտեմբերի սկզբին Երեւանի եւ մարզերի 1067 բնակչի շրջանում: Նրանց համար այս երկու հասկացությունները նույնացվում են Եվրոպայի եւ Ռուսաստանի նկատմամբ համակրանքով կամ հակակրանքով:

«Ոչ-ոք չգիտի, թե ինչ են ենթադրում փաստաթղթերը, որոնք Հայաստանը պատրաստվում է ստորագրել Մաքսային միություն մտնելու համար:

Ոչ ոք չգիտի նաեւ, թե ինչպիսին կլիներ Ասոցացման համաձայնագիրը, եթե Հայաստանն այն ստորագրեր Վիլնյուսում», – ասել է Նավասարդյանը:

Ընդհանուր առմամբ, Մաքսային միություն Հայաստանի անդամակցությանը կողմ է եղել պատասխանողների  64%-ը: «Մարդկանց մեծ մասը վստահում է Ռուսաստանին՝ նաեւ որպես անվտանգության երաշխավորի. Հայաստանում պատասխանողների 90%-ը երկրի անվտանգությունը կապում են հենց Ռուսաստանի հետ», – ընդգծել է նա:

Նավասարդյանը բացատրել է, որ հարցումը պատվիրված չի եղել ոչ ռուսական, ոչ եվրոպական կազմակերպությունների կողմից եւ անցկացվել է ընկերության սեփական նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական կառույցների հարցումները նույն թեմայով խիստ տարբերություններ ի հայտ չեն բերում (10%-ի սահմաններում):

Թեեւ պատասխանողների մեծամասնությունն ընդունում է Ռուսաստանին եւ ԱՊՀ-ին մոտ լինելը, սակայն Եվրոպայում ապրել եւ նրա հետ համագործակցել ցանկացողներն ավելի շատ են:

Պատասխանողների 66%-ը պարբերական կապ է պահում հետխորհրդային երկրներում հարազատների կամ մտերիմների հետ (Եվրոպայում՝  31%, ԱՄՆ-ում՝  27%): Սակայն այն հարցին, թե «ո՞ր երկրում դուք կցանկանայիք ժամանակավոր աշխատել», 25%-ը պատասխանել է՝  «եվրոպական երկրներում», 17% -ը՝ հետխորհրդային երկրներում (ԱՄՆ-ում՝ 9%): Ավելի մեծ տարբերություն է գրանցվել «հնարավորության դեպքում որտե՞ղ կցանկանայիք մշտական բնակվել» հարցի պատասխանի դեպքում: 25%-ն ընտրել է եվրոպական երկրները եւ միայն 9% -ը՝ հետխորհրդայինը  (ԱՄՆ՝ 6%): Նույնիսկ հնարավորության դեպքում երկիրը չի ցանկանում լքել  պատասխանողների 59%-ը:

Այն հարցին, թե Հայաստանը որ երկրների հետ ավելի ընդհանուր արժեքներ ունի, 49%-ը պատասխանել է՝ նախկին ԽՍՀՄ երկրների,  Եվրոպայի հետ՝ միայն 20%-ը: Միաժամանակ, այն հարցին, թե որ երկրներից ցանկալի կլինի կապիտալի եւ բիզնեսի հոսքը Հայաստան, 35%-ը պատասխանել են՝ եվրոպական երկրներից, 29% -ը՝ հետխորհրդային (ԱՄՆ՝ միայն  8%): Այն հարցին, թե ում է հետ է նախընտրելի համագործակցել գիտության եւ տեխնիկայի բնագավառում,  այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար  40%, 28% եւ 16%:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am