Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անհրաժեշտ չի համարում փոխել զորակոչի տարիքը: Հայաստանում տղաներին պարտադիր զինվորական ծառայության են զորակոչում 18 տարեկանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Սեյրան Օհանյանը:

«Ես համարում եմ, որ 18-ամյա պատանին պատրաստ է ծառայել հայրենիքին: Ես ինքս ծառայում եմ 17 տարեկանից»,-նշել է Օհանյանը: Նրա խոսքով՝ պարզապես պետք է հասարակությունում համապատասխան վերաբերմունք ձեւավորել, բարոյապես պատրաստել զինակոչիկներին:

«Դրանում մեծ դեր ունի ընտանիքը: Հայրենիքի մասին մտածող յուրաքանչյուր քաղաքացի, հաշվի առնելով բարդ ռազմաքաղաքական իրավիճակը, պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջեւ»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը: