Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երեւանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:
Ողջունելով Երեւանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարեւորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երեւանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:
«Երեւանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլեւ երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին եւս, շարունակելով եւ առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,-ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարեւորել նաեւ երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը: Անդրադառնալով Մոսկվայում Երեւանի օրերի անցկացմանը`Սերգեյ Սոբյանինը նաեւ հատկանշել է, որ այն եւս կարեւոր նշանակություն ունի երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման հարցում եւ, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին նախորդ տարի Երեւանում Մոսկվայի օրերի պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նախ շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորելով բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձեւավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
«Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարեւոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երեւան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, եւ համոզված եմ, որ ձեւավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք միասին, համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում նաեւ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններով նպատակային աշխատանքներ իրականացնելով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նաեւ հավելելով, որ Երեւանի քաղաքապետարանը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, բաց է ու պատրաստակամ՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ առաջարկներ:
Այնուհետ երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել եւ առավել ընդլայնել առկա համագործակցությունը առեւտրատնտեսական, ճարտարապետության եւ քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաեւ փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ եւս փաստել են, որ ծրագիրը կնպաստի Երեւանի եւ Մոսկվայի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Հանդիպման ավարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երեւանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար եւ Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երեւանում:




























