Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ադրբեջանի սահմանին կազմակերպված մամուլի ասուլիսում:
Պատասխանելով հարցին, թե էլ ինչ գործողություններ կարող է ձեռնարկել հայկական կողմը, նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են ուղղակի շփումների բացակայության պատճառով: «Մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, քանի որ բոլոր շփումները տեղի են ունենում միայն միջազգային կազմակերպությունների միջոցով: Սակայն կանենք հնարավոր ամեն ինչ՝ նրան վերադարձնելու համար», - ընդգծել է նախարարը: Այդ կապակցությամբ նա կրկին հիշեցրել է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: «Ցանկանում եմ հիշեցնել, որ նախկինում էլ մոլորված եւ գերության մեջ հայտնված ոչ մի զինվոր քրեական հետապնդման չի ենթարկվել», - նշել է Սեյրան Օհանյանը:
Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել էր օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակների հանդիպումը ռազմագերու հետ: Առաջին անգամ նրան կարողացել էին այցելել 12 օր անց:




























