Հայաստանի ու Եվրամիության միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը վերջնականապես նախապատրաստվել էր հուլիսի 24-ին, հետո սկսվել էր օգոստոսը՝ արձակուրդների շրջանը: Այս մասին այսօր «Հայաստանը փակուղում կամ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ անդրադառնալով այն նկատողություններին, թե ասոցատիվ փաստաթղթի դրույթներն ու կետերը պատշաճ կերպով չեն հրապարակվել:

Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում չկա այպիսի դեպք, որ «հում», անպատրաստ փաստաթուղթը, որն անընդհատ շտկվում ու փոփոխվում է, հանրային հասանելիություն ունենա: «Եթե Հայաստանը փաստաթուղթը նախաստորագրեր այդ վիճակում, ապա կմնային միայն առաջին ու վերջին էջերը, քանի որ միջնամասը անընդհատ փոփոխվում էր»,-ընդգծել է Ռաչինսկին, պարզաբանելով, որ հենց այդ պատճառով հրապարակելու ոչինչ չկար:

Հիշեցնենք, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը կկայանա նոյեմբերի 28 – 29-ին Վիլնյուսում: