Հայաստանում հարցմանը մասնակցածների 68 տոկոսը չի ողջունում դավանանքի ազատությունը, նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտնել է «Marketing Professional Group» ՍՊԸ-ի ղեկավար, Հայաստանում «Gallup International»-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով 2013թ. հոկտեմբերի սկզբին Երեւանի եւ մարզերի 1067 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Պատասխանողների միայն 19%-ն է կարծում, թե բոլոր եկեղեցիներն ու կրոնական համայնքները, այդ թվում՝ ոչ ավանդական, պետք է ազատ գործունեության իրավունք ունենան Հայաստանում: Դեմ են արտահայտվել 68 տոկոսը, 14%-ը դժվարացել են պատասխանել:

Խոսքի ազատությանը կողմ է եղել 86%-ը, մամուլի ազատությանը՝ 74%-ը, ազատ տնտեսական հարաբերություններին՝ 87%-ը, մարդու իրավունքների պաշտպանությանը՝ 89%-ը: Միաժամանակ, միասեռական հարաբերությունների իրավունքին դեմ է 91%-ը: