Հայաստանը, նախ եւ առաջ, պետք է մտածի իր զարգացման հեռանկարների, ստեղծված բարդ իրավիճակից իրեն դուրս բերելու եւ միայն դրանից հետո իրական ընտրություն կատարելու մասին: Այս մասին այսօր «Հայաստանը փակուղում կամ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա համոզմամբ՝ եթե ռեալ նայել ստեղծված իրավիճակին, ապա կարելի է տեսնել, որ հնարավորությունները սահմանափակ են: «Կարծում եմ՝ եթե Հայաստանը չի ընտրել Եվրոպայի հետ ասոցացվելու ուղին, ապա դրա մեջ մեղավոր է նաեւ հենց Եվրոպան: Ինչո՞վ էին զբաղված Եվրոպան կառույցները այս 22 տարիների ընթացքում: 220 մլն դոլար ծախսվել է Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների վրա, իսկ կարելի՞ է ասել, որ մեր այսօրվա կառավարման համակարգն ավելի արդյունավետ է դարձել»,-ասել է նա: Միաժամանակ, Սարգսյանի խոսքով՝ մենք ունենք չորս միլիարդ դոլարի չափով պարտք՝ հիմնականում Արեւմուտքին:
Հայաստանի բոլոր կառավարությունները անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել՝ տնտեսությունը զարգացնելու: «Մեզ համար հիմա ամենակարեւոր խնդիրը արտագաղթն է, եւ եթե եվրոպաան կառույցները շատ էին մտահոգված այդ խնդրով, ապա, կարծում եմ, հարկավոր էր խրախուսել ներդրումները՝ առաջին հերթին հանրապետության մարզերում: Եթե եվրոպական կառույցները ասում են մեզ, թե ինչպես պետք է աշխատենք, ապա դա նրանց խնդիրն էլ է»,-ընդգծել է Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ընտրության հնարավորություն ու իրավունք ունենա: «Այսօրվա դրությամբ՝ մենք մեծ կարեւորություն ենք տալիս մեր ազգային անվտանգությանը: Իրականությունն այն է, որ ամբողջ համակարգը փոխկապակցված է ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ, ո՞վ կարող է փոխարինել այդ համակարգը»,-ընդգծել է Սարգսյանը:




























