Անի Զախարյանը սխալ է հասկացել Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողների բողոքը։ Այս մասին NEWS.am-ին ասաց ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Աստղիկ Աբրահամյանը։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին NEWS.am-ին տված հարցազրույցում կենսաֆիզիկայի բաժնի ուսանողները ասել էին, որ մտադիր են ստորագրահավաք սկսել՝ Անի Զախարյանին համալսարանից հեռացնելու պահանջով, քանի որ ամաչում են իրենց ֆակուլտետի աշխատակցի հրապարակային հայտարարություններից։

«Ինչ վերաբերում է դասաժամերին ազատ սեռական հարաբերություններ քարոզելուն ու նրա հանդեպ հնչած անձնական վիրավորանքներին, չգիտեմ, թե ով է այդ մասին խոսել։ Մեզ Անի Զախարյանը չի դասավանդում, ու ես չէի կարող նման բան ասել։ Տեսանյութում էլ երեւում է, որ ես նման բան չեմ ասել»,- ասաց Աստղիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի NEWS.am-ի հրապարակման մեջ ասվում էր.

«Ուսանողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իրեն դասավանդում է Անի Զախարյանը, որը դասապրոցեսի ժամանակ աղջիկներին ազատ սեռական հարաբերություններ է քարոզում»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, ասել էր. «Այդ աղջկան ես դաս չեմ տվել, ինչպե՞ս նա կարող էր ականատես լինել նման բաների»՝ հավելելով, որ նման հերյուրանքներ տարածելով քաղաքական հետապնդում են իրականացնում:

Անի Զախարյանը նաեւ ասել էր, որ իր ուսանողների շրջանում հակընդդեմ ստորագրահավաք է կազմակերպելու այն մասին, որ «իրենց դասախոսը բացի մասնագիտական որակներ քարոզելուց  եւ ուսումնական կրթական ոլորտի նկատմամբ լուրջ վերաբերմունք ցուցաբերելուց, այլ թեմաների շուրջ քարոզ երբեք թույլ չի տվել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am