«Տոնուս ՍՊԸ»-ի կողմից խաբված 50 բնակիչները չունեն նոտարով հաստատված պայմանագրեր: Այս մասին NEWS.am-ին ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:

«Բնակիչների հետ կնքված պայմանագրերի մի մասը հաստատված չէ նոտարով` Փափազյանի շենքից 17 բնակիչ, Դավիթաշենից 33 բնակիչ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում այդ բնակիչների համար՝ սեփականատիրության իրավուքնները վերականգնելու առումով»,- ասաց Հրանտ Ղամբարյանը:

Հրանտ Ղամբարյանը նոյեմբերի 20-ին գրություն է ուղարկել դատախազություն այն մասին, որ իր կողմից ուսումնասիրված «Տոնուս ՍՊԸ»-ի սնանկության գործում կան որոշակի փաստեր, որոնք կասկածելի են և կարող են քրեորեն պատժելի լինել:

«Ես առանձնացրել եմ 4 փաստեր և դրանք ուղարկել եմ դատախազություն: Դրանք են հավաքագրված դրամական միջոցների ոչ հասցեական ծախսումները, վարկերի ոչ նպատակային ծախսումները, բնակարանների ոչ շահավետ` շուկայականից ցածր գներով վաճառքը բնակիչներին, «Տոնուս ՍՊԸ»-ի ֆինանսական միջոցների փոխանցումը այլ ֆիզիկական անձանց, մասնավորապես, Աշոտ Տոնոյանին»,- ասաց Հրանտ Ղամբարյանը:

Նոյեմբերի 26-ին «Տոնուս ՍՊԸ»-ի դեմ հարուցված գործով դատական նիստի ժամանակ «Արցախբանկի» ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել այն մասին, որ բնակիչներից շատերի պայմանագրերը նոտարով հաստատված չեն և դրանք առ ոչինչ են համարվում:

«Այդ մարդկանց Տոնուսը չի տարել նոտարի մոտ, որ պայմանագրերը նոտարով հաստատվեն, երևի հենց նրա համար, որ այսօր այդ մարդիկ խնդրի առաջ կանգնեն»,- NEWS.am-ին ասաց «Տոնուս ՍՊԸ»-ի կողմից խաբված բնակիչ Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ օգտվելով այս իրավիճակից՝ «Արցախբանկը» բնակիչների վրա ճնշում է գործադրում. «Կամ ձեր գումարներն եք կորցնում կամ համաձայնեք ավելացնել գումարը՝ մեկ  քառակուսի մետրի գինը հասցնելով մինչև 900 դոլարի»:

Բնակիչը նաև ասաց, որ «Արցախբանկը» դեռ չի պատասխանել իրենց ներկայացրած առաջարկություններին և բնակիչները այսօր հավաքվելու են, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, բնակիչների ներկայացուցիչները հանդիպել են «Արցախբանկի» ներկայացուցիչների հետ ու 3 կետից բաղկացած առաջարկ են ներկայացրել բանկի ղեկավարությանը, բանակցել են կետերի շուրջ, բանկում խոստացել են մյուս շաբաթվա վերջին ներկայացնել իրենց որոշումը: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։