Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը հաստատեց երկու կարեւոր փաստ, մենք իրավունք չունենք ընտրել մեր երկրի զարգացման հեռանկարներն ու ընտրել մեր գործընկերներին: Այդ մասին նոյեմբերի 27-ին կայացած քննարկմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա համոզմամբ, դա հիմնական մեսիջն է, որ թողեց նշված հայտարարությունը եւ որը կթողնի նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովը: «Ինչի մասին էլ հայտարարի ՀՀԿ-ն, դա վստահելի չէ, առնվազն իմ համար, քանի որ անհասկանալի է, թե ինչպես երկրի վարչապետը կարող է հոդված գրել, որ պետք չէ ՄՄ գնալ, ապա գնալ այնտեղ: Անհասկանալի է, թե ինչպես վարչապետը կարող է Երեւանում Փոխգործակցության հուշագիր ստորագրել, ապա դրա երրորդ կետի վերաբերյալ հարցին պատասխանել, թե դեռ չի կարդացել այն»,- հեգնել է ընդդիմադիր գործիչը՝ ընդգծելով, որ այս ամենը լուրջ համարել չի կարելի:
Մաքսային միությունը, ըստ նրա, կոմպրոմատների վրա հիմնված միություն է: «Ես պետք է քննադատեմ Եվրոպային, որ չեն ստորագրել պատրաստի փաստաթղթերն ու սպասել են Վիլնյուսին: Ոչինչ չէր խանգարում դրանց ստորագրմանը: Եւ երկրորդ, Եվրամիությունը պետք է գիտակցի՝ Հայաստանի խոցելի իշխանությունների համագործակցությունն անհուսալի է, քանի որ նման իշխանություններն անպատրաստ են ցանկացած կոմպրոմատի առջեւ»,- արձանագրել է Սաֆարյանը:




























