Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը կոչով դիմել են Հեռուստամարաթոն 2013 -ի առթիվ:
Կոչում մանսավորապես ասվում է.
«Թանկագին հայրենակիցներ,
Նոյեմբերի 28-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Վստահաբար կարելի է ասել, որ այն դարձել է մեր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը եւ որին հայ ժողովուրդը նախապատրաստվում է ողջ տարվա ընթացքում:
Հեռուստամարաթոնի նշանակությունը ոչ միայն համազգային դրամահավաքն է, այլեւ ժամանակակից մարտահրավերները միասնաբար դիմագրավելու` մեր ժողովրդի ընդհանրական կամքի դրսեւորումը:
Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու շինարարությանը: Այն կոչված է մեծացնելու մեր երկրի արտաքին հաղորդակցական հնարավորությունները, նպաստելու Արցախի հյուսիսային հատվածի` Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ մեղմելու Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ծանրաբեռնվածությունը:
Նկատի ունենալով ծրագրի ռազմավարական կարեւորությունը՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել հեռուստամարաթոնին եւ արժանի ավանդ բերել այդ հայրենանվեր գործին:
Հեռուստամարաթոնին մասնակցությունը բոլորիս բարոյական պարտքն է, իսկ նվիրատվության չափը կախված է յուրաքանչյուրիս հնարավորությունից: Վաղը համայն հայությունը պետք է մեկ անգամ եւս ապացուցի, որ կրողն է համազգային միասնության գաղափարի ու ոգու:
Մենք հաղթել ենք պատերազմում, պարտավոր ենք հաղթել նաեւ տնտեսական մրցակցության մեջ: Հեռուստամարաթոնի արդյունքը պետք է դառնա հայության հավաքական պատասխանը մեզ նետված մարտահրավերներին»:
Կոչը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն» եւ «Հայրենիք» խմբակցությունները, «Արցախատուն» պատգամավորական խումբը:




























