Հայաստանի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Խաչիկ Հարությունյանի մանդատը կտրվի «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Լեւոն Մարտունի Դոխոլյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: Նիստում ԿԸՀ-ն կկազմի արձանագրություն` Խաչիկ Հարությունյանի մանդատը Լեւոն Դոխոլյանին հանձնելու մասին:
Նշենք, որ դեռ պատգամավոր չդարձած Լեւոն Դոխոլյանն հայտնի է իր սկանդալային ստատուսներով՝ ուղղված լրագրողներին: Երբ «Ժողովուրդը» գրել էր, որ Լեւոն Դոխոլյանը իր հարեւանների շրջանում հայտնի է «Քույրիկ Լեւոն» ածականով, վերջինս այսպես էր արձագանքել. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետեւանքներով»:




























